Հովհաննես Հինդլյան
Հովհաննես Հինդլյան արմտ. հայ.՝ Յովհաննէս Հինդլեան | |
---|---|
Ծնվել է | 1866[1] |
Ծննդավայր | Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 16, 1955 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պերպերյան վարժարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և ուսուցիչ |
Աշխատանք | Ուսուցիչ, մանկավարժ, հրատարակիչ, կրթության գործի կազմակերպիչ, հասարակական գործիչ |
Հովհաննես Հինդլյան (1866[1], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 16, 1955, Ստամբուլ, Թուրքիա[2]), հայ նշանավոր ուսուցիչ, մանկավարժ, հրատարակիչ, կրթության գործի կազմակերպիչ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Հինդլյանը ծնվել է 1866 թ. Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում, որը գտնվում էր Բոսֆորի ասիական ափին։ Կրթությունը ստացել է ծննդավայրի Ներսիսյան-Երմոնյան, ապա հեղինակավոր Պերպերյան վարժարանում (միջնակարգ դպրոց) ու աշակերտել է Ռեթեոս Պերպերյանին (ով վարժարանի հիմնադիրն ու տնօրենն էր)։ Բարձր գնահատանքի ու երաշխավորության արժանանալով՝ սկսում է աշխատել Պեշիկթաշ թաղամասի Մաքրուհյան, Սբ. Խաչ Դպրեվանք վարժարաններում։ Դասավանդել է հայերեն, անգլերեն, թվաբանություն, աշխարհագրություն, տոմարակալություն։ Եղել է Մաքրուհյան, Սբ. Խաչ Դպրեվանք, Թարգմանչաց (Օրթա գյուղ), Բերայի թաղային, Դպրոցասեր, Արամյան, Դադյան և Ազգային Կեդրոնական վարժարանների տնօրեն։ Ընտրվել է ուսումնական խորհրդի անդամ և ազգային երեսփոխան, Առաջադիմական միության նախագահ։
Նա շրջագայել է Եվրոպայում և ուսումնասիրել, թե ինչպես է դպրոցական համակարգը գործում այնտեղ։ Նա հանդիպել է ճանաչված ուսուցիչների ու մանկավարժների հետ, ինչպիսիք էին Պեստալոցցին և Մարիա Մոնտեսսորին։ Վերադառնալով հայրենի քաղաք, նա Գ. Մալաթյանի հետ Կ.Պոլսի Բանկալթի թաղամասում հիմնում է «Նոր դպրոց» կրթօջախը, որն իր դռներն է բացում 1909 թ. հոկտեմբերի 15-ին։ Հինդլյանն ուսումնասիրել է մանկավարժության պատմություն ու տեսության հարցերը։ Ըստ նրա, դաստիարակության նպատակն ու խնդիրը, ինչպես և ուսուցման մեթոդները փոփոխվում են՝ «ժամանակին, տեղին և միջավայրին համեմատ»։ Այս առումով մերժել է ինչպես ժառանգականության տեսության գերագնահատումը, այնպես էլ Ջոն Լոքի՝ երեխայի հոգու «մաքուր տախտակ» լինելու տեսությունը։ Գտնում էր, որ բնական նախադրյալների զարգացումը պայմանավորված է կյանքի պայմաններով։ Նա բարձր է գնահատել օտար մանկավարժների փորձը և առաջադիմական գաղափարները։ Հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է համարել ֆիզիկական, մտավոր ու բարոյական դաստիարակությունը, կարևորել է մայրենի լեզվի և գրականության ուսուցումը։ Ուսման մեջ պաշտպանել է դիդակտիկայի առաջավոր սկզբունքները, մեծ տեղ հատկացրել աշխատանքային դաստիարակության, համատեղ ուսուցման հարցերին։ Հինդլյանը եղել է «Հ.Մ.Ը.Մ.»-ի («Հայ մարմնակրթական ընդհանուր միություն և սկաուտներ»` հայկական մարզական ակումբներն ու սկաուտական խմբերը միավորող կազմակերպության) հիմնադիրներից մեկը։ 1949 թ. առողջության վատթարացման պատճառով ընդունվում է Սուրբ Փրկիչ հիվանադանոց, 1950 թ. մարտի 16-ին` 84 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն։
Գրական ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փունջ մանկավարժական բանախոսության», հրապարակային դասախոսությունների շարք, 1901։
- «Ուսուցանելու մեթոդ» կամ «Մեթոդ դիրեկտիվ», 3 մասից, 1908։
- «Հոգի մը կազմելու համար», 1912։
- «Անկեղծ էջեր», մամուլում տպագրված հոդվածներն ու աշխատությունները, 4 հատոր, 1913-1922։
- «Դաստիարակին անբաժանելի ընկերը», 1925։
- «Քսան և հինգ տարվա կյանք մը», 1934։
- «Ծնողքներուն», նույն վերանգրով 3 գրքույկ, 1957-1959։
Հինդլյանը գրել է նաև մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են 6 գրքով 1949-1962, դրանցից առաջինը.
- «Տիտանիկի փոքրիկ նավաբեկները» 1949 գիրքն է։
Նա գրել է ֆրանսերեն լեզվի մի շարք դասագրքեր, կատարել է նաև թարգմանություններ։ Աշխատակցել է.
- «Ճակատամարտ» (1918-24, Կ.Պոլիս)
- «Հայ պատանի» (1920-22, Կ.Պոլիս)
- «Հայաստանի կոչնակ» (1920-68, Նյու-Յորք)և այլ պարբերականների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4275
- ↑ «Zarkfoundation - Հովհաննես Հինդլյան». zarkfoundation.com.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 412)։ |
- 1866 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Մարտի 16 մահեր
- 1955 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Բերբերյան դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ հրատարակիչներ
- Հայ մանկավարժներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Օսմանյան կայսրության անձինք